Tuesday, May 25, 2010

Saturday, April 17, 2010

ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Արքայից արքա ուսուցողական սեղանի խաղը ստեղծվել է 2009թ-ին և հավանության է արժանացել ՀՀ Կրթության ազգային իստիտուտի կողմից որպես ուսուցողական, դիդակտիկ նյութ:
Խաղի ընթացքում մասնակիցները զառի նետմամբ շարժվում են խաղատախտակի համապատասխան դաշտերով և կատարում նրանցում նշված գործողությունները: Խաղի ամբողջ ընթացքում բոլոր մասնակիցները ակտիվորեն ներքաշված են խաղի մեջ, քանի որ մասնակիցները մեկը մյուսին ցանկացած պահի կարող է ներքաշել ճակատամարտի կամ փոխանակման` Արքայի քարտեր խաղարկելու կամ փոխանակելու համար:
Այս խաղում մասնակիցները հնարավորութոյւն են ստանում սովորել կամ ամրապնդել իրենց գիտելիքները Հայ ժողովրդի պատմության վերաբերյալ` պատասխանելով «Հարց» քարտերում բերված հարցերին:
Խաղը կազմված է այնպես, որպեսզի հնարավոր լինի այն խաղալ ՀԺ պատմության զրոյական իմացությամբ, սակայն ընթացքում` ձեռք բերել համապատասխան գիտելիքներ:
Խաղը փորձարկված է 7 տարեկանից բարձր` տառաճանաչ տարբեր տարիքի երեխաների, դպրոցական հասակի պատանիների և մեծահասակների շրջանակներում:

ՏՈՒՓԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Խաղը իր մեջ պարունակում է սեղանի նկարազարդ տախտակ, որի եզրագծով շարված են վանդակներ: Խաղը պարունակում է 4 հատ Ամրոց քարտեր, 36 հատ Արքայի քարտեր (6 տեսակի յուրաքանչյուրից 6 հատ/, 80 հատ Հարց քարտեր /յուրաքանչյուր քարտի վրա 2 հարց):

Հեղինակներ` Գևորգ Անտոնյան, Կարեն Վարդազարյան, Շանթ Անանյան:
Բոլոր իրավունքները պաշտպանված են

«ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ» ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Խաղի մասնակիցների վերջնական նպատակը

Խաղում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ում հաջողվում է դառնալ "Արքայից Արքա": Դրա համար յուրաքանչյուր մասնակից պետք է հավաքի "Արքայի քարտերի" ամբողջական հավաքածուն, որը ներառում է 6 տարբեր "Արքայի քարտ" և այդ քարտերը ապահով կերպով տեղադրի իր անառիկ "Ամրոցի" պատերի ներքո:

"Արքայի քարտերի" ամբողջական հավաքածուն հավաքելուց հետո պետք է զառի մեկ նետմամբ վերադառնալ «Սկիզբ» վանդակ: "Սկիզբ" վանդակի վրա հայտնվելուց հետո մասնակիցը պետք է զառով նետի 1 թիվը, որպեսզի նրա խաղաքարը հայտնվի խաղատախտակի կենտրոնում գտնվող "Գահի" վրա և նա, բազմելով այդ "Գահին", հռչակվի "Արքայից Արքա":

Խաղը սկսելուց առաջ

  • Խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է ընտրի 1 խաղաքար և տեղադրի այն "Սկիզբ" վանդակի վրա:
  • "Հարց քարտերը" պետք է խառնել և դնել խաղատախտակի վրա նշված հատուկ տեղում` հարցերը դեպի ներքև:
  • "Արքայի քարտերը" պետք է խառնել և դնել խաղատախտակի վրա նշված հատուկ տեղում` երեսը դեպի ներքև:
  • Խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է վերցնի "Ամրոց" քարտերից մեկը և դնի իր առջև:
  • Խաղի յուրաքանչյուր մասնակից "Արքայի քարտերի" վերևից պետք է վերցնի 3 հատ "Արքայի քարտ" (խաղը սկսում է ամենակրտսեր մասնակիցը):

Խաղը

Խաղը սկսելու համար խաղի բոլոր մասնակիցներն իրենց խաղաքարերը պետք է տեղադրեն "Սկիզբ" վանդակի վրա: Խաղը պետք է սկսի ամենակրտսեր մասնակիցը:

Յուրաքանչյուր մասնակից, իր հերթի ժամանակ պետք է նետի զառը և իր խաղաքարը տեղաշարժի առաջ` ըստ զառի վրա նշված թվի: Կախված այն բանից, թե որ վանդակի վրա է դրվել մասնակցի խաղաքարը` նա պետք է պատասխանի հարցի կամ` կատարի վանդակի մեջ գրված հրահանգը:

Վանդակները

"Սկիզբ" վանդակ` Խաղը սկսելուց հետո, յուրաքանչյուր մասնակից իրավունք է ստանում վերցնելու 1 հատ "Արքայի քարտ", ամեն անգամ, երբ նա անցնում է "Սկիզբ" վանդակով:

"Հանգիստ" վանդակ` Սա հանգստատեղի է: Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա չպետք է կատարի որևէ գործողություն: Նա պետք է վայելի իր հանգիստը և սպասի իր հաջորդ հերթին:

"Հարց քարտ" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նրա ձախակողմյան մասնակիցը վերցնում է մեկ հատ "Հարց քարտ" ընտրում է քարտի վրա գրված երկու հարցերից մեկը, կարդում այդ հարցը և պատասխանի տարբերակները: Պատասխանը լսելուց հետո նա կարդում է ճիշտ պատասխանը (ճիշտ պատասխանը գրված է մուգ տառերով): Այս գործողության ավարտից հետո այդ "Հարց քարտը" դրվում է մնացած "Հարց քարտերի" տակ:

"Փոխանակություն" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա կարող է իր "Արքայի քարտերից" որևէ մեկը կամ մի քանիսը մեկ անգամ փոխանակել խաղի ցանկացած մասնակցի "Արքայի քարտերից" մեկի կամ մի քանիսի հետ: Եթե նա չի ցանկանում փոխանակում կատարել, ապա կարող է չանել այն: Իսկ ցանկության դեպքում` նա պետք է որոշի, թե քանի "Արքայի քարտ" է ցանկանում փոխանակել: Ընտրված մրցակիցը չի կարող հրաժարվել փոխանակումից, եթե ունի պահանջվող քանակի "Արքայի քարտեր": Փոխանակում անելու համար մասնակիցը պետք է`

  • ընտրի այն մասնակցին, ում հետ ցանկանում է փոխանակել "Արքայի քարտերը",
  • որոշի և հայտնի թե քանի քարտ է ցանկանում փոխանակել,
  • կատարի փոխանակումը իր մրցակցի հետ:

    Փոխանակման ժամանակ տվյալ մասնակիցը պետք է իր մրցակցին տա նույն քանակի "Արքայի քարտեր": Չպետք է մոռանալ, որ կարևոր է այնպես խաղալ, որ մրցակիցները չկարողանան հավաքել 6 տարբեր "Արքայի քարտեր": Խաղի մասնակիցներից ոչ մեկը չպետք է ցույց տա մյուսներին, թե փոխանակման ժամանակ ի±նչ քարտ է տվել իր մրցակցին:

"Ճակատամարտ" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա կարող է իր "Արքայի քարտերը" ճակատամարտի հանել (հնարավոր է, որ նա նույն քարտից ունենա մի քանի հատ) այլ մասնակցի "Արքայի քարտերի" հետ` զառ նետելու միջոցով: Եթե մասնակիցը չի ցանկանում, նա կարող է չճակատամարտել: Իսկ եթե նա ցանկանում է ճակատամարտ վարել, ապա նա պետք է`

  • ընտրի այն մրցակցին, որի հետ ցանկանում է ճակատամարտ վարել,
  • որոշի, թե քանի քարտով է ուզում ճակատամարտ վարել: Նրա ընտրած մրցակիցը պետք է նույն քանակի քարտեր մտցնի ճակատամարտի դաշտ:
  • Երկու մասնակիցներն էլ պետք է իրենց քարտերը դնեն խաղատախտակի վրա, որից հետ նրանք երկուսն էլ պետք է զառ նետեն:

    Զառով ավելի մեծ թիվ նետած մասնակիցը հաղթում է և վերցնում է ճակատամարտում ընդգրկված բոլոր "Արքայի քարտերը": Եթե երկուսն էլ նետում են նույն թիվը, ապա գործողությունը պետք է կրկնել այնքան անգամ, մինչև որ նրանցից մեկը նետի ավելի մեծ թիվ և հաղթի ճակատամարտը:

"Ամրոց" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա կարող է իր "Արքայի քարտերից" որևէ մեկը (երեսը ներքև շրջած) դնել իր առջև դրված "Ամրոցի" պատերի տակ, որտեղ այն կլինի ապահովության մեջ և ոչ ոք չի կարողանա այդ քարտը ներքաշել փոխանակության կամ ճակատամարտի մեջ:

"Նոր քայլ" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա ստանում է ևս մեկ անգամ զառ նետելու իրավունք:

"5 քայլ հետ" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա պետք է իր խաղաքարը տեղաշարժի 5 քայլ հետ գտնվող վանդակի վրա և կատարի դրա վրա նշված հրահանգը:

Քարտերը

"Արքայից Արքա" դառնալու համար խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է աշխատի առաջինը հավաքել "Արքայի քարտերի" ամբողջական հավաքածուն, որի համար նա պետք է ունենա 6 տարբեր "Արքայի քարտերի" մեկական օրինակ:

  • "Արքայի քարտեր"` Այս քարտերը 6-ն են և տարբեր` իրենց հետևյալ բովանդակությամբ` Հազարապետություն, Սպարապետություն, Մարդպետություն, Մաղխազություն, Թագակապ ասպետություն, Սենեկապետություն:

Մասնակիցները խաղի ընթացքում կհավաքեն բազմաթիվ "Արքայի քարտեր", որոնք նրանք կարող են օգտագործել փոխանակելու համար կամ ճակատամարտելիս, բայց նրանք չպետք է մոռանան, որ հաղթելու համար պետք է հավաքել 6 տարբեր քարտերից կազմված "Արքայի քարտերի" ամբողջական հավաքածուն:

  • "Հարց քարտեր"` Այս քարտերը օգտագործվում են, երբ մասնակցի խաղաքարն ընկնում է "Հարց քարտ" վանդակի վրա: Նրա ձախակողմյան մասնակիցը վերցնում է մեկ "Հարց քարտ" և, իր ընտրությամբ, տվյալ մասնակցի համար կարդում քարտի վրայի երկու հարցերից մեկը և պատասխանի տարբերակները: Եթե տվյալ մասնակիցը ճիշտ է պատասխանում հարցին, նա գնում է մեկ վանդակ առաջ, իսկ եթե ոչ` մնում է նույն վանդակի վրա մինչև իր հաջորդ հերթը: Հաջորդ հերթի ժամանակ ևս մասնակիցը պետք է զառ նետի և խաղը շարունակի` ըստ զառի նետած թվի:
  • "Ամրոց" քարտ` Խաղի բոլոր մասնակիցները պետք է, մինչև խաղը սկսելը, նախապես վերցնեն և իրենց առջև դրված ունենան մեկ "Ամրոց" քարտ, որպեսզի կարողանան ապահովության մեջ պահել իրենց հավաքած "Արքայի քարտերը":

Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջինն է հավաքել 6 քարտերից կազմված "Արքայի քարտերի" ամբողջական հավաքածուն և ապահով կերպով տեղադրել է դրանք իր "Ամրոցի" պատերի ներքո, վերադարձել է "Սկիզբ" վանդակ, զառով նետել է 1 թիվը, տեղափոխվել է խաղատախտակի կենտրոն, բազմել է "Գահին" և հռչակվել` "Արքայից Արքա":

Նշում. Մասնակիցը պետք է զառի մեկ նետմամբ խաղաքարը ետ բերի "Սկիզբ" վանդակի վրա: Նա պետք է զառով նետի այն թիվը, որը նրան հարկավոր է "Սկիզբ" վանդակի վրա վերադառնալու համար: Օրինակ` եթե "Սկիզբ" վանդակի վրա հայտնվելու համար հարկավոր է ետ գնալ ընդամենը 2 վանդակ, իսկ մասնակիցը զառով նետել է 4 թիվը, ապա նա պետք է սպասի իր հաջորդ հերթին, որպեսզի նորից փորձի զառով նետել 2 թիվը և հայտնվի "Սկիզբ" վանդակի վրա, որից հետո նոր միայն զառով նետի 1 թիվը և բազմի "Գահին":

Խաղի կանոնների փոփոխման հնարավոր տարբերակներ

  • 15 տարեկանից բարձր մասնակիցները "Արքայի քարտ" չեն ստանում "Սկիզբ"-ով անցնելիս:
  • Եթե խաղի մասնակիցների մեջ կա պատմաբան, ապա նա պատասխանում է "Հարց քարտերում" նշված հարցերին ` առանց լսելու առաջարկվող տարբերակները:
  • 11 տարեկանից ցածր երեխաները կարող են չպատասխանել "Հարց քարտերում" նշված հարցերին (ըստ ցանկության):

Սիրելի մասնակիցներ, հուսով ենք, որ դուք մեծ բավականություն կստանաք այս խաղից, ձեռք կբերեք նոր գիտելիքներ և կամրապնդեք ձեր ունեցած գիտելիքները հայոց արքաների մասին:

ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ

ՀԳ: Խաղի հարցերը ձևակերպված են հանրակրթական դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների Հայոց պատմության դասագրքերի հիման վրա:

Հեղինակներ` Գևորգ Անտոնյան, Կարեն Վարդազարյան, Շանթ Անանյան:
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Friday, April 9, 2010

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՎՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱԼ «ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ»
Նախքան խաղի սկիզբը մասնակիցներից յուրաքանչյուրը վերցնում է 1 հատ Ամրոց քարտ և 3 հատ Արքայի քարտ: Ամրոց քարտերը նրանք տեղադրում են իրենց առջև` խաղի ընթացքում Արքայի քարտերը ծածկելու (անձեռնամխելոի դարձնելու) համար: Արքայի քարտերը փակ բաժանվում են, որոնք մասնակիցները դնում են իրենց առջև:

Զառը նետելու միջոցով, մասնակիցները` զառի թվին համապատասխան քայլ են կատարում իրենց դիրքից: Յուրաքանչյուր վանդակի վրա հայտնվելով, ակնկալվում է կատարել համապատասխան գործողություն:

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ «ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ»

Արքայից արքա ուսուցողական խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողները խաղի ընթացքում իրենց Ամրոց քարտի տակ հավաքեն 6 տարատեսակ Արքայի քարտեր, այնուհետև վերադառնան Սկիզբ վանդակ և այդ դիրքից զառով 1 թիվը նետելով, բազմեն գահին և հռչակվեն Արքայից արքա:
Խաղի ընթացքում մասնակիցները անցնում են դաշտում պատկերված վանդակների վրայով և կատարում դրանցում նշաված գործողությունները: Մասնակիցները, պետք է խաղան այնպես, որպեսզի իրենց մրցակիցները չկարողանան հավաքել Արքայի քարտերի ամբողջական հավաքածուն` որը բաղկացած է 6 տարբեր Արքայի քարտերից:
Արքայի քարտեր հավաքելու և փոխանակելու հնարավորությունը մասնակիցները ստանում են դաշտում նշված Ճակատամարտ, Փոխանակություն և Սկիզբ վանդակներում: Ի դեպ Սկիզբ վանդակի վրայով անցնելիս /այն է յուրաքանչյուր շրջանը ավարտելիս/, մասնակիցները ստանում են 1 Արքայի քարտ: Ճակատամարտ վանդակում հայտնվելիս մասնակիցը իրավունք է ստանում «ճակատամարտի» հանել Արքայի քարտեր: Նա սեղանին է դնում իր ձեռքում եղաց Արքայի քարտերից որոշ քանակություն և ընտրում է այն մասնակցին ում հետ որ ցանկանում է ճակատամարտել: Ընտրված մասնակիցը չի կարող հրաժարվել ճակատամարտից և անհրաժեշտ է որ նա ունենա նույնքան քարտեր ինչ պահանջում է մյուս մասնակիցը ճակատամարտի համար: Այնուհետև, ճակատամարտողները նետում են զառ և մեծ թիվ նետողը վերցնում է բոլոր խաղարկվող քարտերը:
Փոխանակում վանդակում հայտնվելիս, խաղացողը իրավունք ունի փոխանակել ցանկացած մասնակցի հետ համարժեք քանակությամբ քարտեր: Այստեղ նույնպես փոխանակման համար ընտրված մասնակիցը չի կարող հրաժարվել «գործարքից»:
Պետք է նշել, որ մասնակիցները Արքայի քարտ իրավունք ունեն դնել Ամրոց քարտի տակ միայն այն ժամանակ, երբ կհայտնվեն Ամրոց վանդակում: Ամեն անգամ Ամրոց վանդակում հայտնվելիս, խաղացողը իրավունք ունի Ամրոց քարտի տակ տեղադրել միայն 1 Արքայի քարտ: Ամրոց քարտի տակ տեղադրված Արքայի քարտերը անձեռնամխելի են, և չեն կարող ներքաշվել ճակատամարտի և փոխանակման:
Հարց քարտերը իրենցից ներկայացնում են Հայ ժողովրդի պատմության վերաբերյալ 2 հարց պարունակող քարտեր: Մասնակիցները` հայտնվելով Հարց վանդակում, վերցնում է մեկ հատ Հարց քարտ և առանց հարցին նայելու փոխանցում իրենից ձախ գտնվող մասնակցին, որը և ընտրում և ընթերցում է երկու հարցերից որևէ մեկը, ինչպես նաև հարցի պատասխանների 3 տարբերակները: Հարց վանդակում գտնվող մասնակիցը ընթերցված 3 տարբերակներից պետք է կարողնա ընտրել ճիշտ տարբերակը և պատասխանել: Հարց քարտում կարմիրով գույնով նշված է հարցի ճիշտ տարբերակը և եթե պատասխանը համընկնում է այդ տարբերակին, ապա պատասխանողը շարժվում է 1 քայլ առաջ, հակառակ դեպքում` մնում է նույն վանդակում:
Հանգիստ վանդակը դա միակ վանդակն է, որտեղ հայտնվելիս մասնակիցը չի կատարում որևիցե գործողություն, սակայն պաշտպանված չէ փոխանակման կամ ճակատամարտի ներքաշվելուց:
Նոր քայլ և 5 քայլ հետ վանդակներում հայտնվելիս, մասնակիցները կատարում են վանդակում նշված գործողությունը:

ՀԱՂԹԱՆԱԿ
Հաղթող է համարվում այն մասնակիցը, ով հաջողությամբ հավաքում և տեղադրում է Ամրոց քարտի տակ 6 տարատեսակ Արքայի քարտեր, այնուհետև վերադառնան Սկիզբ վանդակ և այդ դիրքից զառով 1 թիվը նետելով, տեղափոխվում է խաղատախտակի վրա պատկերված “Գահ” վանդակ: Օրինակ, եթե մասնակիցը արդեն հավաքել էև տեղադրել է Ամրոց քարտի տակ 6 տարբեր Արքայի քարտեր, ապա նա պետք է շրջանը ավարտի “Սկիզբ” վանդակի վրա: Եթե շրջանը ավարտելու համար մասնակցին հարկավոր է զառով նետել 2 թիվը և դա հաջողվում է անել, ապա դրանից հետո, մասնակիցը մնում է այդ վանդակում այնքան ժամանակ, մինչև իրեն կհաջողվի նետել 1 թիվը և տեղափոխվել “Գահ” վանդակ: Եթե շրջանը ավարտելու համար զառով չի հաջողվում նետել 2 թիվը, և մասնակիցը փոխարենը նետում է 6 թիվը, ապա նա շարժվում է 6 քայլ առաջ և մնում է այդ դիրքում այնքան ժամանակ, մինչև կկարողանա նետել 4 թիվը` Սկիզբ վանդակ հետ քայլ կատարելու համար: Ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում ևս մասնակիցը պետք է նետի 1 թիվը` հաղթող ճանաչվելու համար:

Հեղինակներ` Գևորգ Անտոնյան, Կարեն Վարդազարյան, Շանթ Անանյան:
Բոլոր իրավունքները պաշտպանված են